ԵՄ-ն քաջալերում է, բայց ոչինչ չի պարտադրում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը եւ դրա իրագործմանը:
«Ինձ համար անհավատալի հաճույք է խոսել այն մասին, որ անցած ուրբաթ ստորագրվել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, դա մեծ օր էր: Համաձայնագիրը կարեւոր է թե Հայաստանի, թե ԵՄ-ի համար, այն կհամախմբի մեր հասարակությունները: Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան շահ ստանալ իրենց պատմության այս նոր էջից: Մենք եւ մեր գործընկերները կանեն ամեն բան, որ այդ համաձայնագիրը կյանքի կոչվի: Իհարկե, համաձայնագիրը շատ կարեւոր է երկու կողմերի համար, բայց ոչ պակաս կարեւոր է դրա լավ իրագործումը»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Հայաստանը լուրջ պարտավորություններ է ստանձնում այս համաձայնագրով՝ կոռուպցիայի դեմ պայքար, արդար դատական համակարգ, բիզենսի համար հավասար հնարավորությունների ստեղծում. եթե այդ պարտավորությունները չկատարվեն կամ թերի կատարվեն, որոնք են մեխանիզմները, որոնցով ԵՄ-ն վերահսկելու է կատարման ընթացքը, Սվիտալսկին պատասխանեց. «Համաձայնագիրը համագործակցության բնույթ ունի, ինչը նշանակում է, որ այն համատեղ ջանքերի մասին է: Երկու կողմերը հանձնառություն են վերցրել ինտենսիվացնել իրենց հարաբերությունները: Այստեղ բազմաթիվ ոլորտների մասին խոսք կա՝ կոռուպցիայի, մարդու իրավունքների, ժողովրդավարության, դատական համակարգի եւ այլն: Այսպես մենք համատեղում ենք մեր ջանքերը: ԵՄ-ն քաջալերում է, բայց ոչինչ չի պարտադրում, այնպես որ այս գեղեցիկ համագործակցության մասին համաձայնագրի մասին կարող ենք ասել, որ հանձնառու ենք կատարել ավելին: Վստահ ենք, որ լավ ոգով կկատարվեն հանձնարարականները: Չեմ ուզում խոսել ձախողումների մասին, որովհետեւ շատ լավատես եմ, որ այն նոր որակ կբերի մեր հարաբերություններին: Ես լավատես եմ նաեւ իրագործման առումով»:




























