ԵՄ-ն նախատեսում է 25 տոկոսով ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ավելավնելով նաեւ, որ հասարակ քաղաքացու համար Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գուցե ոչ վաղը, բայց մոտ ապագայում զգալի կլինի։
«Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը «Աջակցության միասնական մեխանիզմի» շրջանակներում, ինչպես հայտի էր, կարող է հասնել մինչեւ 170 մլն եվրո։ Սակայն, մենք համոզված ենք, որ կարող ենք անել ավելին»,-նշեց նա։
Սվիտալսկիի փոխանցմամբ, ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ կիսել օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ լավ կառավարման ոլորտում ունեցած փորձը։ «Հայաստանի համար տնտեսական օգուտը կարող է ավելին լինել, քան սպասվում է։ Բավական է հիշել, որ այն ժամանակ, երբ շատերը կրճատում էին Հայաստանին տրամադրվող օգնությունն ու կատարվող ներդրումները, ԵՄ-ն ավելացնում էր եւ հիմա հանդիսանում է Հայաստանի ամենամեծ ֆինանսական դոնորը»,-ընդգծեց նա։




























