Open Your Mind («Բացիր մտահորիզոնդ») ծրագրի շրջանակներում, «Փոփոխությունների թատրոնը» եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը դեկտեմբերի 21-ին, ժամը 18:30-ին հրավիրում են Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոն (հասցեն՝ Աբովյան 11) ՄԻ ԾԱՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ինտերակտիվ ներկայացումը դիտելու:
Բեմադրությունը կատարվել է ֆորում-թատրոնի ոճով, ինչը նախատեսում է հանդիսատեսի ակտիվ մասնակցությունը եւ նույնիսկ միջամտությունը գործողության ընթացքին: Պիեսի թեման կոնֆլիկտն է եւ դրա հնարավոր լուծումը, որն այս դեպքում անուղղակիորեն առնչվում է հայ-թուրքական հարաբերություններին: Բեմադրության նպատակը ոչ այնքան կոնֆլիկտի լուծումներ առաջարկելն է, որքան հարթակ ստեղծել հակամարտության վերաբերյալ ազատ ու անկաշկանդ քննարկման համար:
Պիեսի սցենարն ընտրվել է Բրիտանական դեսպանատան կողմից հայտարարված բաց մրցույթի արդյունքում եւ արժանացել դրամական պարգեւի: Ներկայացումից առաջ Միացյալ թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը հեղինակին կհանձնի մրցանակը:
Ինտերակտիվ ֆորում-թատրոն մեթոդը մշակվել է 70-ական թվականներին բրազիլացի հանրահայտ ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի կողմից` նպատակ հետապնդելով խթանել հասարակական կարեւոր գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը: Ֆորում թատրոնն իր հանդիսատեսներին հնարավորություն է տալիս ընդհատել ներկայացումը, փոխարինել կերպարներից որեւէ մեկին բեմում եւ առաջարկել յուրօրինակ եւ իրատեսական լուծումներ:


























