Կա՞ն, արդյոք, Հայաստանի խորհրդարանում պատգամավորներ, որոնք կարող են գոյատեւել 25 հազար դրամով, Ազգային Ժողովի ամբիոնից հետաքրքրվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ:
«Ակնհայտ է, որ՝ ոչ, նշանակում է 530 հազար հայ թոշակառուները դատապարտված են մահվան»,- ամփոփել է պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանում 1 մլն մարդ աղքատ է: Նրա հաշվարկներով գոյատեւելու համար հայ թոշակառուին անհրաժեշտ է 70 հազար դրամ ներկայիս 25 հազարի փոխարեն:
Նա նկատել է, որ աշխարհի ոչ մի երկրում չի գործում կենսաթոշակային կուտակային համակարգը: «Այսինքն Հայաստանի կառավարությունը փորձարկումներ է անում 530 հազար թոշակառուների վրա»,- նկատել է Դալլաքյանը: Նա անհանգստություն է հայտնել, որ քաղաքացիների կենսաթոշակային ներդրումները կարող են մսխվել: Նշենք, որ օրինագիծը նախատեսում է անցում կատարել կուտակային կենաթոշակային համակարգի 2011թ.-ից, իսկ 2014թ.-ից այն կլինի պարտադիր:
Ըստ օրինագծի՝ Հայաստանի քաղաքացիների թոշակները պետք է ձեւավորվեն 50+50 տոկոս համամասնությամբ, այսինքն քաղաքացին իր աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու է կենսաթոշակային հիմնադրամ, նույնքան էլ մուծելու է պետությունը: Պետական մուծումները, սակայն չեն կարող գերազանցել 25 հազար դրամը: Զուգահեռ քաղաքացին կարող է գումարներ փոխանցել կամավոր սկզբունքով, եւ այդ միջոցները հետագայում հաշվարկվելու են թոշակների հաշվարկի ժամանակ:
Ի դեպ, պետությունը պետք է երաշխավորի մուծումները 4 մլն դրամի չափով: Կենսաթոշակային մուծումը բոլոր երեք կուտակային համակարգերի հաշվարկմամբ կարող են հասնել աշխատավարձի 40 տոկոսին: Օրինագիծն ընդունվելու դեպքում տարածվելու է Հայաստանի 40 տարեկան քաղաքացիների վրա:




























