Երեւանի քաղաքապետարանը «Նոր տարին Երեւանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում հայտարարում է «Ամանորի լավագույն ձեւավորում 2018» մրցույթը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում գործող առեւտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներ՝ ներկայացնելով կազմակերպության մուտքի, ցուցափեղկերի, անհատ քաղաքացիների դեպքում՝ բակի, պատշգամբի ձեւավորման աշխատանքները: Ամանորյա ձեւավորումը պետք է լինի յուրօրինակ եւ շրջապատին ներդաշնակ: Ձեւավորման մեջ խրախուսվում է արծաթագույն եւ ոսկեգույն երանգների օգտագործումը:
«Լավագույն ձեւավորված կազմակերպություն», «Լավագույն ձեւավորված բակ», «Լավագույն ձեւավորված պատշգամբ» անվանակարգերով անցկացվող մրցույթին մասնակցելու համար ձեւավորման աշխատանքը ներկայացնող լուսանկարը անհրաժեշտ է ուղարկել Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին /FB/yerevanmunicipality/՝ նշելով կազմակերպության տվյալները (հասցե, անվանում), անհատների դեպքում՝ անուն, ազգանուն, հասցե եւ կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։
Ձեւավորումները պատկերող լուսանկարներն ու մասնակցության հայտերն ընդունվելու են մինչեւ դեկտեմբերի 25-ը: Մրցույթի արդյունքների հրապարակումը եւ մրցանակաբաշխությունը կկայանա 2018 թվականի հունվարին:
Տոնական ձեւավորման լոգոտիպը, ձեւավորման ուղեցույցը կարող եք ներբեռնել Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Նոր տարին Երեւանում 2018» բաժնից:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել վարչական շրջանների գովազդի բաժիններ, ինչպես նաեւ զանգահարել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություն՝ 011-514-212, տուրիզմի բաժին՝ 011-514-230 հեռախոսահամարներով:




























