Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «Վկոնտակտե»-ի իր էջում գրել է, որ վրդովվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  համաշխարհային երեք կրոնների կենտրոն Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Դա նշանակում է, որ մուսուլմանական Պաղեստինն այժմ կորցնում է իր ինքնավարության վերջին հույսը: Դա հատկապես զարմանալի է պատմական այն պահին, երբ, Ռուսաստանի աջակցությամբ, Սիրիայի կառավարական բանակին հաջողվեց երկիրն ազատագրել ԻՊ ահաբեկիչներից, իսկ մեր տեղեկատվական-գաղափարախոսական դիմակայության մեջ իսլամի թշնամիների դեմ անվերապահ հաղթանակ նշմարվեց: Ըստ էության, դա թիկունքից հարված էր նրանց, ովքեր բոլոր այս տասնամյակներում փորձում էին քաղաքական-դիվանագիտական կարգավորման ալգորիթմ մշակել այդ ոչ պարզ տարածաշրջանում», - գրել է Քադիրովը:

Ըստ նրա՝ Թրամփը Իսրայել պետությունը ներքաշում է դիմակայության մեջ, որը նրա համար նոր պատերազմի սպառնալիք է:

«Ինչպե՞ս հասկանալ ամերիկացի նախագահի քաղաքականությունը: Շատ պարզ: Այժմ վերացան վերջին կասկածներն այն մասին, թե ով է ահաբեկչական պլացդարմ ստեղծել Իրաքի ու Սիրիայի տարածքում՝ իր  «աշխարհակարգը» սահմանելու համար: Ավելին՝ կարող եմ վստահաբար ասել, որ իր, մեղմ ասած, ոչ ադեկվատ որոշմամբ Թրամփը Իսրայելին արյունալի դիմակայության անդունդն է նետում, որը այժմ այդ երկրի համար նոր, ավելի հզոր ու կազմակերպված ինտիֆադի սպառնալիք է, այսինքն՝ լայնամասշտաբ պատերազմի», - հավելել է Քադիրովը: