Հայաստանի կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է ամանորյա արձակուրդները կրճատելու նախագիծը։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից։
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածում, հոդվածից հանել «, հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը, եւ ոչ աշխատանքային օրեր թողնել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 2-ը, նաեւ հունվարի 6-ը, իսկ հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածը դառնալու է աշխատանքային։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրաապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը եւ վճարվում միջին աշխատավարձը:
Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ եւ հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան:
Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները: Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ազգային տոներն կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում եւ Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաեւ ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր:
Հնդկաստանում `12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանում` 10 օր (տոների հետ`21), Թաիլանդում` 6 օր (ընդհանուր` 22) եւ Ֆիլիպիններում` 5 օր (տոների հետ միասին` 20)»։
Առաջարկը կառավարության նիստում ընդունելու դեպքում այն կուղարկեն ԱԺ՝ քննարկման, իսկ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018թ. հունիսի 1-ից։ Այսինքն, այս տարի դեռ ՀՀ քաղաքացիները ամանորյա արձակուրդները մի քիչ երկար կվայելեն, իսկ հաջորդ տարվանից հունվարի 3-ից կգնան աշխատանքի։
«Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը եւ պետական մակարդակով նշելուն եւ կապահովի պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը»,- նշել են կառավարությունից։




























