Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունները խիստ լարված են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան այն հարցին, թե Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրման ենթատեքստում կարո՞ղ են երկրի առջեւ նոր մարտահրավերներ ծագել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների շարունակվող լարվածության ֆոնին:
Նրա խոսքով՝ այն պատժամիջոցները, որոնք նախապես սահմանվել են Ռուսաստանի դեմ, ժամանակի ընթացքում ավելի են խստացել: «Այնպես որ, կարծում եմ՝ հիմա այդ լարվածության բարձրակետն է: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նշեմ, որ ինձ համար բացարձակապես անընդունելի է Մոսկվայի փորձագիտական որոշակի շրջանակների տոնը»,- եզրափակեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:




























