Հայերն այն ժողովուրդներից են, որոնց հիմնական զանգվածը կամ գոնե բնակչության մտավոր հատվածը հասկանում է ժամանակակից իրողությունները, ունեցած հնարավորությունները, սահմանափակումները եւ դժվարությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխպան այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է երկրի սոցիալ-տնտեսական առանց այն էլ վատ վիճակի հետագա վատթարացումը, առաջին անհրաժեշտության մթերքների գնաճը սոցիալական պայթյունի եւ փողոց դուրս գալու ունակ բողոքի տրամադրությունների հանգեցնել:

ՀՅԴ ներկայացուցիչը չի հավատում, որ Հայաստանում կարող են խոշոր ցնցումներ լինել բացառապես սոցիալական պատճառներով: «Մեր ժողովրդի մենթալիտետը, մտածելակերպը, պատկերացումները եւ անվտանգության պահպանման անհրաժեշտության գիտակցումը այնպիսին է, որ միայն ազգային եւ սոցիալական հարցերի միատեղման արդյունքում են հնարավոր ցնցումները»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ առանձին որոշ անձինք կամ ուժեր ուռճացնում են երկրի սոցիալական խնդիրների ծավալները:

Նրա խոսքով՝ այն աշխատանքը, որը կատարում է կոալիցիոն կառավարությունը՝ արմատական բարեփոխումների իրականացման եւ պետության հետագա զարգացման համար հիմքերի ստեղծման նպատակով, դրական տեղաշարժեր ունի: Աղվան Վարդանյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տնտեսության արդյունավետ զարգացման համար լուրջ նախադրյալներ կլինեն, իսկ դա կհանգեցնի երկրում սոցիալ-տնտեսական վիճակի շոշափելի բարելավման:

Նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ պակասուրդը կկազմի 4 տոկոս: Ինֆլյացիայի ֆոնին չի սպասվում աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների բարձրացում: Դրանից զատ, 2017-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 813 մլն դոլար, իսկ արդեն 2018-ին կկազմի 7 մլրդ 209 մլն դոլար: