Արարատի մարզի Ոսկետափ գյուղում 80-ամյա ծերունու սպանության գործով օրերս կալանավորվել է եւս մեկ անձ։  Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել  այս տարվա սեպտեմբերի 6–ին։  Վաղ առավոտյան 80-ամյա Սարգիս Թադեւոսյանին դուստրերը հայտնաբերել էին սեփական տանը սպանված վիճակում: Ավելի ուշ սպանության մեղադրանքով կալանավորվել էր նույն գյուղի 27-ամյա բնակիչ Վարազդատ Շահգելդյանը։ NEWS.am–ին հայտնի է դարձել որ կալանավորված  երկրորդ անձը Վարազդատ Շահգելդյանի քեռու որդին է։ Վերջինս 30 տարեկան է։  Քննչական կոմիտեի տվյալներով՝ տեղի ունեցածը վենդետա է, Վարազդատ Շահգելդյանը  վրեժխնդիր է եղել հոր սպանության համար:

Նախկինում Սարգիս Թադեւոսյանի հարազատները NEWS.am-ի  հետ զրույցում պնդել էին, որ սպանության օրը դուստրերը տեսել են, որ բակից փախել է չորս հոգի

 Ըստ նրանց՝ վենդետայի պատճառ հանդիսացած սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որի համար դատապարտվել են հինգ հոգի, որից մեկն էլ եղել է Սարգիս Թադեւոսյանը: Վերջինս տասը տարի անցկացրել է անազատության մեջ: Նշենք, որ Սարգիս Թադեւոսյանը կնոջ մահից հետո մենակ էր ապրում: Կինը մահացել է դեպքից մեկ ամիս առաջ։ Հարազատները նշել էին նաեւ, որ նրա վրա հարձակվել էին չորս հոգի եւ մինչ սպանությունը նախ դաժանաբար խոշտանգել , գյուղատնտեսական գործիքներով ծեծել: 

Նշենք, որ սպանության գործով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):