Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վահագն Մանուկյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Պետրոս Իսրայելյանին, ճանաչել է նաեւ սպանված Մուշեղ Մուշեղյանին: Վահագն Մանուկյանը պատմեց, որ Արա Վարդանյանից «Ճվճվ Արո» մի քանի տարի առաջ պարտքով 20 հազար դոլար է վերցրել, 18 հազար դոլարը վերադարձրել է, իսկ 2000-ը՝ ոչ: Մեկ տարի առաջ Վարդենիս քաղաք է գնացել Մուշեղ Մուշեղյանը «գործով սպանվածը», նա իրենից պահանջել է 2000 դոլարը, ինքը հայտնել է, որ այս պահին չի կարող տալ այդ գումարը: Մուշեղն իրեն ասել է՝ «նստի մեքենան, գնանք քաղաք»: ինքը կարողացել է Մուշեղին համոզել, որ գնա եւ նա շուտով կտա այդ գումարը: Մուշեղ Մուշեղյանը իրեն ասել է՝ «Նենց արա՝ 2 հազար դոլարը 20 հազար դոլար չդառնա»: Դրանից հետո, Վահագն Մանուկյանը գնացել է «Վարդենիսցի Լյովիկի» մոտ՝ իմանալու, կարող է իրեն օգնել, թե ոչ, ինչպես կարող է հանդիպել «Ճվճվ Արոյին»: Լյովիկը ասել է, որ Չարբախցի Գեղամը (գործով ամբաստնյալ Պետրոս Իսրայելյան) ճանաչում է «Ճվճվ Արոյին» եւ հնարավոր է օգնի նրան: Վահագն Մանուկյանը գնացել է Չարբախ՝ Պետրոս Իսրայելյանին պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղում հանդիպել է նրա հետ, վերջինը ասել է՝ «գնա, տեսնեմ ինչ ա լինում, կգաս, հարցը կլուծենք»:
Ավելի ուշ վկան լրատվամիջոցներից տեղեկացել է, որ տեղի է ունեցել սպանություն:
Մեղադրողի հարցին՝ ինչ նպատակով է Արա Վարդանյանից այդ գումարը վերցրել, Վահագն Մանուկյանը պատասխանեց. «Գյուղատնտեսությամբ եմ զբաղվել, 20 հազար դոլարն Արոյից վերցրել եմ դաշտերի համար»:
Նշենք, որ գործով վկա Արա Վարդանյանը՝ «Ճվճվ Արոն», նախաքննական մարմնին հայտնել է, որ Մուշեղ Մուշեղյանին ինքն է հայտնել, որ Վարդենիսցի Վահագն Մանուկյանն իրեն 2000 դոլար է պարտք, այդ գումարն իրեն հարկավորէ բուժման համար եւ խնդրել է նրան գտնել Վահագնին:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:




























