Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց գործով վկա Արտավազդ Մանուկյանի ցուցմունքը: Նշենք, որ դատարանին այսօր հայտնել էին, որ ՍԵԿՏ համակարգի միջոցով պարզվել է, որ վկան 2017թ. հուլիսի 15-ին «որպես հետիոտն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանի տարածքը»:

Այս հիմքով դատարանը որոշում կայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Վկան հայտնել է, որ 2016թ. նոյեմբերի 13-ին իր ազգականի հոգեհանգստի արարողությունից է վերադառնալիս եղել, երբ Շիրակի 13 շենքի տարածքում հավաքված մարդկանց է տեսել, այնուհետեւ գոռգոռոցներ են լսվել ու կրակոցներ: Ինքն արագ անցել է դիմացի մայթ եւ հեռացել տարածքից եւ փախչել դիմացի այգի: Այդ ընթացքում հասցրել է տեսնել սեւ մեքենաներ, այլ բան չի հիշում: Վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ վախից 5 օր այգում է մնացել, տուն չի վերադարձել:

Վկան նաեւ հայտնել է, որ ճանաչել է ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանին եւ Գեւորգ Ավետիսյանին (գործով սպանված): Դեպքի վերաբերյալ այլ հանգամանքներ չի հայտնել:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ 2018թ. հունվարի 17-ը:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: