«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») շարունակում է դեկտեմբերի 15-ից սկսած հացադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Նարինե Ռշտունին: Նա նշեց, որ իր պաշտպանյալն առողջական խդիրներ ունի, դեղորայք է ընդունում: Այժմ ինչպիսի առողջական վիճակում է Հարություն Սարիբեկյանը, պաշտպանը պատասխանեց. «Համենայնդեպս, նրան հիվանդանոց չեն տեղափոխել, գտնվում է մեկուսարանում»:
Ազատամարտիկը դեկտեմբերի 15-ին դատարանում հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր քրեական գործից: Առաջին անգամ չէ, որ Հարություն Սարիբեկյանը հացադուլ է հայտարարում. հոկտեմբերին նա 2 շաբաթ հացադուլի մեջ էր:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր» խմբի անդամներին զենք վաճառելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, նա «Մուխա» տեսակի զենք է վաճառել խմբին: Առաջադրված մեղադրանքում, սակայն, ազատամարտիկն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:




























