Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, նիստը նախագահող Վաչե Մարգարյանին դիմում էր ներկայացրել` նշելով, որ ուղեկցող ոստիկաններն ու դատական կարգադրիչներն իր փաստաբաններին թույլ չեն տալիս դատարանի` կալանավորներին պահվող խցում հանդիպել իր հետ: Վաչե Մարգարյանին պարզաբանեց, որ այդ խցերը գտնվում են դատարանի փակ գոտում եւ այնտեղ պաշտպաններն իրավունք չունեն մուտք գործել:
Այնուհետեւ, Իշխան Բարսեղյանը հայտնեց, որ վատ ինքնազգացողություն ունի:
«ՔԿՀ-ում ճնշումս չափել են, եղել է` 170/100, բարձր ճնշմամբ եմ տեղափոխվել, մտածում էի, որ լավ կզգամ, այժմ ինձ լավ չեմ զգում: Ունեմ սրտխառնոց եւ գլխապտույտ»,-ասաց նա:
Դատարանը նրա համար շտապօգնություն հրավիրեց եւ հայտարարեց ընդմիջում:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:




























