Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանը կարող է մասնակցել դատական նիստին, նրա վիճակը բավարար է: Այսօր` դեկտեմբերի 21-ին, այս մասին ասաց դատարան հրավիրված շտապօգնության բժիշկը: Նա նշեց, որ Իշխան Բարսեղյանին տրվել է համապաստախն դեղորայք, նրա ճնշումը 150/90 է, վիճակը գնահատվում է բավարար:

Իշխան Բարսեղյանը նիստի մեկնարկին դատարանին հայտնել էր, որ վատ ինքնազգացողություն ունի:

«ՔԿՀ-ում ճնշումս չափել են, եղել է` 170/100, բարձր ճնշմամբ եմ տեղափոխվել, մտածում էի, որ լավ կզգամ, այժմ ինձ լավ չեմ զգում: Ունեմ սրտխառնոց եւ գլխապտույտ»,-ասաց նա:

Դատարանը նրա համար շտապօգնություն էր հրավիրել:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: