Ավստրալիայի Մելբուրն քաղաքում տեղի ունեցած դիտավորյալ վրաերթի ականատեսները նախ կարծել են, որ պայթյուն կամ փոխհրաձգություն է տեղի ունեցել, եւ հիշել են հունվարին մի քանի թաղամաս այն կողմ տեղի ունեցած նման մի միջադեպ, որի հետեւանքով 6 մարդ էր զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ողբերգության պահին եղած ականատեսներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ավստրալական Մելբուրն քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մեծ արագության տակ վրաերթի է ենթարկել հետիոտներին: Միջադեպի արդյունքում, ըստ ոստիկանության, 14 մարդ վիրավորվել է, նրանցից ոմանք ծանր վիճակում են: Ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը դիտավորյալ է վրաերթ կատարել, սակայն վերջինիս շարժառիթները դեռ հայտնի չեն: Վրաերթ կատարած վարորդի հետ միասին եւս մեկ անձ է ձերբակալվել:
«Թվում էր, որ նա ժամում 80-100 կիլոմետր արագությամբ ընթանում էր Ֆինդերս փողոցով դեպի արեւմուտք: Խաչմերուկը լի էր հետիոտներով, եւ վարորդը անցավ նրանց միջով», - ABC հեռուստաընկերությանը պատմել է տեղի հրուշակեղենի խանութի սեփականատեր Ջիմը: «Ամենուրեք մարդիկ էին հավաքված՝ մեր խանութում, փողոցում, այս խաչմերուկում: Միակ բանը, որ լսվում էր, դա հարվածների ձայները եւ մարդկանց բղավոցներն էին»,- պատմել է Ջիմը:
Ավստրալական BBC-ի թղթակցի խոսքերով՝ միջադեպի ժամանակ քաղաքի բնակիչները ամանորյա գնումների էին դուրս եկել:
Ըստ ականատեսների՝ վրաերթը կատարել է Zuki 4X4 մակնիշի մեքենան: Նրանք նետվել են մեքենայի կողմը եւ բռնել վարորդին: Մի քանի րոպե անց դեպքի վայր են ժամանալ ոստիկանները եւ ձերբակալել են հանցագործին:




























