Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի պաշտպաններն այսօր` դեկտեմբերի 21-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրին դատաքննությունը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Նախկին դատավորի պաշտպաններից Արա Զաքարյանը նշեց, որ իր պաշտպանյալին կաշառք վերցնելու համար է մեղադրանք առաջադրվել եւ քանի որ նա դատավոր է, ավելի խիստ պատիժ է նրա համար նախատեսվում, իսկ, եթե դատավոր չլիներ` ավելի մեղմ կլիներ, այսինքն` մոտեցումը խտրական է, ոչ համաչափ, նրա խոսքով, դատավորի կողմից կաշառք վերցնելը որպես հանցագործությունը ծանրացնող հանգամանք դիտարկելն արդարացված չէ:

Արա Զաքարյանը նշեց, որ միջնորդում է կասեցնել գործի դատաքննությունը ` դիմելով Սահմանադրական դատարան` ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ կետի 3 մասի սահմանադրականության հարցը որոշելու: Նշենք, որ այս հոդվածը` դատավորի կողմից  կաշառք վերցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Որտե ՞ ղ է ասվում, որ դատավորի կողմից կաշառք վերցնելն հասարակական ավելի մեծ վտանգ է  ներկայացնում, քան նախարարի, վարչապետի, ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելը: Այսինքն`  այսպիսի թիրախավորված մոտեցումը զուրկ է օբյեկտիվ հասարակական անհրաժեշտությունից»,-ասաց նա:

Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանն էլ իր պաշտպանի միջնորդությունից հետո ավելացրեց. «Եթե իմ փոխարեն լիներ վարչապետը, ցանկացած նախարար, ԱԱԾ պետը, ցանկացած մարզպետ, նախարար կդատապարտվեին ավելի մեղմ հոդվածով, քան ես, ինչքանով է սա արդարացված»,-ասաց նա:

Մեղադրող դատախազ Բիշարյանն էլ առարկեց ներկայացված միջնորդությանը` նշելով, որ այն անհիմն է. «Դատարանն է արդարադատություն իրականացնում, այն որպես արդարադատություն իրականացնող միակ սուբյեկտ է հանդիսանում եւ այս առումով դատարանն ունի հատուկ կարգավիճակ, ավելի մեծ պատասխանատություն է կրում այս առումով, այստեղ խտրականության մասին խոսք լինել չի կարող եւ հոդվածի սահմանադրականության հարց չկա»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: