Jingle Bells կոմպոզիցիան, որը Ծննդյան տոնի դասական երգ է համարվում, իրականում այլ տոնի համար էր նախատեսված: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Երգը 1857 թվականին գրել է Ջեյմս Պիերփոնթը, կոչվում էր One Horse Open Sleigh եւ պատմում էր Երախտագիտության օրվա մասին: Պարբերականը նշում է, որ կոմպոզիցիայում ներկայացվում են ձմեռային զվարճություններն ու չարաճճիությունները, ու, հավանաբար, Ծննդյան երգ դառնալուն է նպաստել սահնակի մասին հիշատակումը:

Դրանից զատ, երկրորդ քառյակում հեղինակը խոսում է ոմն միս Ֆաննի Բրայթի մասին, որն ավելի շուտ մատնացույց է անում երգի ռոմանտիկ բնույթը:

Ոմանց կարծիքով՝ այն նախատեսված էր դպրոցական երեկույթներում երգելու համար, մյուսները պնդում են, որ երգը կատարվել է խրախճանքների ժամանակ, քանի որ անպատշաճ ակնարկներ է պարունակում:

Նոյեմբերի վերջին երաժիշտ եւ սաունդ-ինժեներ Լորդ Վինեթեյրոն տեսանյութ է հրապարակել, որտեղ դաշնամուրով կատարում է XVI-ից մինչեւ XXI դարերում գրված ավանդական Ծննդյան մեղեդիների հավաքածու: Ի թիվս այլոց, նա կատարում է նաեւ Jingle Bells-ը: