Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 24-ին ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում նա, մասնավորապես, նշել է.

«2010 թվականը առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաեւ մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը եւ ապահովել որոշակի տնտեսական աճ:

Ճգնաժամն անասելի մեծ հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը՝ առաջին հերթին արտահայտվելով տնտեսական աճի ու զբաղվածության ցուցանիշների կտրուկ անկմամբ: Գործազրկության խիստ բարձր մակարդակն իսկական չարիք դարձավ երկրների եւ կառավարությունների համար: Չնայած ճգնաժամից դուրս գալու եւ հաստատուն վերականգնման փուլն արդեն իսկ սկսվել է` համաշխարհային տնտեսության հետճգնաժամային մոդելն իրականում դեռ ամբողջովին հստակ չէ:

Այո, աշխարհը վերականգնվում է 21-րդ դարի ամենածանր հարվածից: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենավտանգավոր՝ առաջին ալիքը մեր երկիրը հաղթահարեց առանց էական ցնցումների: Ճգնաժամի երկրորդ ալիքը, սակայն, շատ մեծ հարված հասցրեց մեր տնտեսությանը. անկում արձանագրվեց գրեթե բոլոր ճյուղերում, կտրուկ կրճատվեցին դրամական հոսքերը, ներդրումների ծավալները, արտահանման շուկաները դադարեցին սնել մեր տնտեսությունը: Այդ ծանր օրերին, երբ եվրոպական մի շարք երկրներում ուսուցչին, բժշկին, հրշեջին եւ անգամ դատավորին փողոց էր հանել բարեկեցության կտրուկ անկման սպառնալիքը, մեր երկիրը, մեր հասարակությունը, գործարար համայնքը եւ իշխանության տարբեր թեւերը միասնաբար կարողացան առավելագույն չափով ապահովել սոցիալական մինչճգնաժամային իրավիճակը:

Ճգնաժամը մեզ ստիպեց լինել ավելի զգուշավոր, բայց եւ ավելի համարձակ: Ստիպեց առանձին պահերի բառի բուն իմաստով հանապազօրյա հացի մասին մտածելուն զուգահեռ մշակել եւ ձեռնարկել նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ռազմավարական ծրագրերը: Ստիպեց նորովի արժեւորել հին՝ վստահելի գործընկերներին ու ակտիվորեն փնտրել նորերին: Ստիպեց ամեն օր կռիվ տալ հայրենական բիզնեսը կործանումից փրկելու համար, միեւնույն ժամանակ լարել բոլոր մկանները՝ բյուջետային աշխատավարձերի ու կենսաթոշակների ուշացում կամ կրճատում թույլ չտալու համար: Ստիպեց դիմակայել տնտեսական ձմռանը, բայց ոչ մի օր չդադարել գարնանային աշխատանքների ծրագրեր կազմել:

Ճգնաժամի հետեւանքները վերջնականապես հաղթահարելու ենք ավելի ամրացած՝ այն ըմբռնումով զինված, որ Հայաստանի տնտեսությունը, որպես ամբողջություն եւ որպես մասերի համախումբ, լուրջ վերափոխումներ պիտի ապրի: Ճգնաժամի ավերիչ ալիքը հետեւում թողնելով՝ կարող ենք վստահաբար փաստել, որ տասնինը տարիների ընթացքում իրականում մեզ հաջողվել է ձեւավորել ճկունության բավարար պաշար ունեցող պետություն եւ կայուն ֆինանսատնտեսական համակարգ: Ճգնաժամից քաղած դասերի շնորհիվ հետագայում խուսափելու ենք այն մարտահրավերներից, որոնք ծնկի բերեցին անհամեմատ ավելի բարեկեցիկ ու հարուստ երկրների տնտեսությունները:

Ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն իսկ փոխել ու դեռ շարունակելու է փոխել համաշխարհային տնտեսական մոդելը: Աշխարհն այլեւս երբեք նույնը չի լինելու, ինչ ճգնաժամից առաջ էր: Այնպես, ինչպես ապրում էինք մինչեւ 2008 թվականի աշունը, այլեւս չենք կարող ապրել ու գործել: Կյանքն ուղղակի թույլ չի տա: Բայց դա չի նշանակում, որ ավելի վատ ենք ապրելու: Ոչ: Պարզապես այլ կերպ պետք է մտածենք ու այլ կերպ պետք է գործենք: Կարծում եմ` այս մասին մենք դեռ առիթ կունենանք հանգամանորեն խոսելու:

Հարգելի՛ գործարարներ,

Ընդհանուր վտանգի պահին մեզ հաջողվել է միասնաբար դիմագրավել դժվարությունները: Կառավարության հետ սերտ համագործակցության աշխատաոճը առավել ակտիվությամբ շարունակելու ենք նաեւ 2011 թվականին: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի: Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի: Գալիք` 2011 թվականին ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր գործունեության մեջ: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունն իր ասպարեզում, ի վերջո, բոլորիս հաջողությունն է, մեր տնտեսության հաջողությունն է:

Կրկին շնորհավորելով ձեզ` մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, իսկ ձեր ընտանիքներին` առողջություն, երջանկություն, ջերմություն, բարօրություն: Եւ տա Աստված, որ նրանք մշտապես սատար լինեն ձեզ` ձեր բիզնեսը զարգացնելու  եւ հետեւաբար` մեր երկիրը հզորացնելու գործում: Շնորհակալ եմ եւ մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին եւ ընկերներին»: