Սիրիայի կառավարական բանակը Իդլիբի նահանգի հարավ-արեւելքում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներից ազատագրել է 6 բնակավայր, հայտնում է Al Mayadeen-ը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ում Ռաջիմ գյուղում զինվորականները գրավել են ռազմավարական բարձունքները եւ հակառակորդին հետապնդում են:
Ներկայումս կառավարական ուժերը Թամանաա շրջանում գրոհայինների ֆորպոստից 5 կմ հեռավորությամբ են գտնվում, որտեղ կենտրոնացած են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի եւ նրա կողմում մարտնչող «Ահրար ա Շամ» ծայրահեղական խմբավորման խոշոր ջոկատներ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի «սիրիական ճակատում» արմատական փոփոխություններ են կատարվել: Ձմռանը մի շարք երկրների առաջնորդները՝ Իրանից մինչեւ Մեծ Բրիտանիա, հայտարարել էին «Իսլամական պետության» ջախջախման մասին, որն իր ազդեցության բարձրակետին Սիրիայում եւ Իրաքում ընդարձակ տարածքներ էր վերահսկում:




























