ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական սենատորների հետ հանդիպման ժամանակ պահանջել է խստացնել երկիր ներգաղթյալների մուտքը, փոխանցում է Коммерсант.ру-ն: 

Թրամփի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել ներգաղթային բարեփոխումների ծրագիր, որը «կհամապատասխանի ամերիկացի աշխատավորների եւ ընտանիքների շահերին, ինչպես նաեւ անվտանգության նորմերին»:
«Շղթայական ներգաղթն ուղղակի աղետ է, որը սպառնում է մեր անվտանգությանն ու տնտեսությանը եւ ահաբեկիչների համար դուռ է բացում: Ճիշտ նույն  կերպ վիզային վիճակախաղը վնաս է հասցնում մեր տնտեսությանն ու անվտանգությանը»,- Դոնալդ Թրամփի խոսքն է փոխանցել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թրամփը նաեւ հայտարարել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար միջոցների հատկացման անհրաժեշտության մասին: «Այն կոչված է կանգնեցնելու թմրավաճառներին, մաքսանենգներին եւ քրեական կարտելներին: Մեքսիկայի համար հանցավորությունը վիթխարի խնդիր է, եւ մենք ցանկանում ենք, որ այն մեր երկրին չառնչվի»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել ԱՄՆ մուտքի կանոնների խստացման մասին:

Դեկտեմբերի 24-ին Սիեթլի դատարանը մասամբ չեղյալ էր համարել նրա նախաձեռնությունը: Դատարանի որոշմամբ՝ արգելքը կվերաբերի միայն այն միգրանտներին, որոնք բավարար հաստատում չեն ունենա արդեն ԱՄՆ-ում գտնվող անձանց կամ կառույցների հետ կապերի մասին: