Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Գերմանիային երկու երկրների միջեւ հարաբերությունների վերսկսման կոչ է արել եւ առաջարկել 4 կետ, որոնց կատարումը կնպաստի հաշտեցման գործընթացին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն` վկայակոչելով Չավուշօղլուի հեղինակային հոդվածի տեքստը, որը հրատարակվել է Funke պարբերականի մեդիախմբում:
Այդպիսով, առաջին երկու պայմանների համաձայն, Անկարան եւ Բեռլինը պետք է միմյանց հավասար գործընկերներ համարեն եւ վստահական երկխոսություն վարեն բոլոր մակարդակներում` ոչ միայն հեռակա կարգով, քանի որ նման մեթոդը հարմար չէ իրավիճակի լուծման համար:
Երրորդ կետը վերաբերում է «պոպուլիստական եւ եսակենտրոն» հայտարարություններից հրաժարվելու անհրաժեշտությանը` «պրագմատիկ մոտեցումների» օգտին:
Չորրորդ պայմանը, ըստ նախարարի, ամենակարեւորն է. այն կոչ է անում երկրներին ապրումակցությամբ վերաբերվել միմյանց: Մասնավորապես, դա վերաբերում է անցյալ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած դեպքերին, երբ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարվեց:
«Խելամիտ կլինի շարունակել մեր հարաբերությունները բարեկամության եւ համագործակցության ոգով, ինչպես դա եղել է 300 տարի շարունակ»,- նշել է Չավուշօղլուն:




























