Խորհրդարանի տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Մարգարյանն այսօր՝ դեկտեմբերի 27-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում զերծ է մնացել իր եւ իր գլխավորած հանձնաժողովի գործունեությանը գնահատական տալուց:
«Մեր աշխատանքը պետք է գնահատեմ ոչ թե ես, այլ՝ մեր ժողովուրդը»,- հայտարարել է Մարգարյանը: Նա հայտնել է, որ անցնող տարում հանձնաժողովը մի քանի լսումներ է կազմակերպել, եղել հանրապետության տարբեր շրջաններում: Մարգարյանի հավաստմամբ՝ հանձնաժողովը ակտիվորեն դրսեւորել է իրեն օրենսդրական գործունեության մեջ:
Պատգամավորն ընդգծել է ապօրինի շինությունների օրինականացման մասին օրինագիծը, որով, ըստ Մարգարյանի, մի քանի հազար ընտանիք տուն են ստացել:
Նա ընդգծել է աղբահանության ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը: «Կարծում եմ՝ պարտադիր պետք է լինի այդ ոլորտը կարգավորող օրենքի ընդունումը: Ինչպես ասում են, աղբ ես թափել՝ վճարիր»,- ամփոփել է պատգամավորը:





























