ՀՀԿ–ի նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը չի կարող լինել հակակշիռ Սերժ Սարգսյանի մենատիրական իշխանությանը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայ Ազգային կոնգրեսի անդամ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
Նրա կարծիքով, եթե, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանը ցանկանում է զբաղեցնել նախագահի պաշտոնը, ապա ըստ Արամ Մանուկյանի՝ նա պետք է ներկայացնի Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը կամ հայտնի իր մոտեցումը։ Արամ Մանուկյանը շեշտեց, որ ամենեւին էլ նշանակություն չունի՝ ինչ լծակներ ունի նախագահը, Արցախի խնդրի կարգավորման մասով պետք է հստակ դիրքորոշում ունենա։
«Խելոք պաշտոնյաները սովորաբար իրենց նշանակողին ասում են՝ նշանակելուց առաջ հաստատիր իմ ծրագիրը։ Ցանկացած պաշտոնյա, ով ուզում է լինի, պետք է ներկայացնի իր աշխատանքի ծրագիրը, եթե դա ընդունվում է նշանակողի կողմից, ինքը մանդատ է ստանում։ Եթե Արմեն Սարգսյանը ակնկալիք ունի նախագահ լինելու, առնվազն պետք է ծրագիր ներկայացնի, խորհրդարանը հաստատի։ Արմեն Սարգսյանը ոչ թե պետք է ասեր՝ գնամ Լոնդոն քննարկեմ, տեսնեմ՝ արձակուրդ կտան, որ հետ գամ աշխատեմ, այլ պետք է ասեր՝ եթե նշանակում եք նախագահ, ես էլ գալիս եմ Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Գալիս եմ բոլոր մենաշնորհները վերացնելու, կոռուպցիան վերացնելու համար, եթե տալիս եք գործիք, ես պատրաստ եմ բեռը վերցնել իմ վրա, սա կլիներ քաղաքական ծրագիր, բայց Սերժ Սարգսյանն արդեն իսկ ասել է, որ չպետք է զբաղվի քաղաքականությամբ, այս դեպքում ինչի մասին է խոսքը»։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մինչ Արմեն Սարգսյանին առաջադրվելու առաջարկ անելը, հայտարարել էր, որ նախագահի թեկնածուն պետք է տիրապետի օտար լեզուների, լինի անկուսակցական ու անկողմնակալ անձնավորություն եւ չզբաղվի քաղաքականությամբ։ «Սերժ Սարգսյանի թվարկած հատկանիշները ամենեւին չեն լուծելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները։ Տիգրան Սարգսյանը գրագետ չէ՞ր, լեզուներ չգիտե՞ր, Կարեն Կարապետյանը չգիտի՞, բոյն է պակաս, քաշն է պակաս, ի՞նչն է պակաս... Պարզապես ստեղծված է ենթակաների ինստիտուտ, ուղղակի ենթակա է հարկավոր եւ վերջ։ Դեռ մի հատ էլ համարձակվում են՝ ասեն 4–րդ նախագահ, հլը տվեք կարդամ 4–րդ նախագահի ծրագիրը, տեսնեմ՝ ինչ է առաջարկում, ինչ է մտածում երկրում ստեղծված իրավիճակի մասին, ինչ լուծում է առաջարկում, որն է նրա դիրքորոշումը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում։ Արմեն Սարգսյանի գալը եթե այս կոնտեքստում փոոխություն կբերի, ողջունելի կլինի, թե չէ լեզու գիտի, բոյով է, կարճ է, բացարձակ հետաքրիր չէ»։ Երկրից դուրս էլ Արմեն Սարգսյանի ասելիքն էլ կապված է լինելու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանի առաջարկը ընդունելուց հետո նա պարտավոր է իր դիրքորոշումն այդ կապակցությամբ հայտնել։ «Աշխարհի հետ խոսող Արմեն Սարգսյանը պետք է ասի՝ եռանախագահության առաջարկը ընդունելի է, թե ոչ, գնո՞ւմ ենք այդ դժվար ճանապարհով, թե աչքներս փակում ու ասում՝ չկա խնդիր»,- նշել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ի պատասխան առաջադրվելու առաջարկին՝ ժամանակ էր խնդրել այդ մասին մտածելու համար։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նա մեկնել է Մեծ Բրիտանիա։ Եթե Արմեն Սարգսյանը որոշի առաջադրվել, ապա ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումը նախատեսված է փետրվարի սկզբին։




























