Ռեժիսոր Մարիա Սահակյանը, որը հայտնի է «Հրաժեշտ», «Փարոս» եւ «Էնտրոպիա» ֆիլմերով, մահացել է 37 տարեկանում: Այս մասին հունվարի 28-ին Facebook-ի իր էջում հայտնել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը:

«Նրան քաղցկեղը սպանեց: Անհնար է հավատալ գեղեցիկ 37-ամյա կնոջ մահվան լուրին»,- նշված է նրա գրառման մեջ:

«Տաղանդավոր ռեժիսոր եւ լավ մարդ: Հեղինակային կինո էր նկարահանում, խորապես անձնական ֆիլմեր, որոնցում արտացոլվել է  հայկական մանկության եւ Ռուսաստան ներգաղթի փորձը: Չէր գնում կոմերցիոն փոխզիջումների, շատ պահանջկոտ էր վերաբերվում մասնագիտությանն ու իրեն»,- հավելել է Պլախովը:

Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին Երեւանում: 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Ավարտել է Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտը: Նա 5 երեխա ուներ: