2011 թվականը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով պասիվ տարի է լինելու: Դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով, հաջորդ տարի հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած փոփոխություն կախված կլինի նրանց վարչապետ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի ցանկությունից:

Շաքարյանի հավաստմամբ, 2011 թվականը հիասթափեցնող կլինի հայերի համար այն պատճառով, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքում չեն մնա ներկա իշխանությունները, որոնք իբրեւ թե ավելի ընդունակ են շարունակել հայ-թուրքական բանակցային գործընթացը: «Ես չեմ կարծում, որ ընտրություններից հետո Էրդողանը շատ հեշտությամբ ղարաբաղյան նախապայմանից հետ կկանգնի, քանի որ դա արդեն հոգեբանական բարդույթ  է դարձել թուրքերի համար և հետքայլը հեշտ չի լինի: Հետքայլը մեկն է`եթե Էրդողանը նախկինում ասում էր Լեռնային Ղարաբաղ եւ շրջակա տարածքներ, ապա հիմա ասում է`շրջակա տարածքներ, որը  միեւնույն է մեզ չի բավարարում, որովհետեւ  մենք որեւէ զիջում չենք անելու»,-ասաց Շաքարյանը:

Նա նաեւ նշեց, որ հայկական հարցը Թուրքիայի համար այդքան էլ կարեւոր եւ էական չէ եւ յուրաքանչյուր ապրիլի 24-ից հետո նրանք մոռանում են այդ մասին: