2017 թ. ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 17 քրեական գործերով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից 3-ը` վերաբերում են կանանց պոռնկության շահագործմանը, 6-ը` աշխատանքային շահագործմանը:
Պոռնկության շահագործման 3 դեպքերից 1-ը ներքին սեռական շահագործման դեպք է 2-ը՝ արտաքին, որոնցից մեկով շահագործումը իրականացվել է ԱՄԷ-ում, մյուսով Թուրքիայիում: Աշխատանքային շահագործման 6 դեպքերից 4-ը ներքին, 2-ը արտաքին շահագործման դեպքեր են /ՌԴ, Վրաստան/:
Տարվա ընթացքում հարուցված 9 քրեական գործերից 1-ը կարճվել է, իսկ 2-ը վերաորակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ եւ 333-րդ հոդվածների հատկանիշներով: Մնացած 6 գործերից 4-ը աշխատանքային, 2-ը սեռական շահագործման դեպքեր են: Դրանցից 3-ը ներքին 3-ը արտաքին շահագործման դեպքեր են: Աշխատանքային շահագործման 4 դեպքերից 2-ը ներքին, 2-ը արտաքին շահագործման դեպքեր են /ՌԴ, Վրաստան/: Սեռական շահագործման 2 դեպքերից 1-ը արտաքին /ԱՄԷ/, 1-ը՝ ներքին շահագործման դեպք է:
Նշված 6 գործերով հայտնաբերվել եւ տուժող է ճանաչվել 12 անձ, որոնցից 4-ը՝ կին 4-ը՝ անչափահաս:
ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի («Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը») հատկանիշներով 2017թ. ընթացքում բացահայտվել է հանցագործության 1 դեպք:
ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների (` «Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը» եւ «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը») հատկանիշներով հայտնաբերվել է հանցագործության 21 դեպք:
Բացի այդ, 2017թ. ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
Շարունակվել են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեպքերի, ինչպես նաեւ նշված հանցագործությունները կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Թուրքիայի, ԱՄԷ-ի, Չինաստանի եւ Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցությունը:
Ոստիկանության աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել տեղական եւ միջազգային խորհրդաժողովներին, սեմինարներին եւ հանդիպումներին:
Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման վերաբերյալ բնակչության՝ հատկապես երիտասարդության իրազեկության, իրավագիտակցության մակարդակի բարձրացման, վերջիններիս կողմից, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները եւ այլ իրավախախտումները նախականխելու, նրանց շրջանում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքների դպրոցներում պարբերաբար կազմակերպել եւ անցկացրել են հանդիպումներ, զրույցներ: Հանդիպումների ընթացքում բացատրվել են շահագործման, թրաֆիքինգի վտանգները եւ դրանից խուսափելու ճանապարհները:



























