Դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու գործով դատական նիստն այսօր՝ փետրվարի 1-ին, ընդմիջվեց:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանը հայտնեց, որ Իշխան Բարսեղյանը բանավոր հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ մասնակցելու այսօրվա դատական նիստին, բայց դեռ գրությունը չեն ստացել: Մինչդեռ, ըստ դատավորի, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բուժքրոջից գրություն են ստացել, որ Բարսեղյանն ի վիճակի է նիստին մասնակցելու, բայց հրաժարվել է գալ: Դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին կորոշեն՝ ինչպես ապահովել ամբաստանյալի ներկայությունը:
Մեղադրող Կարեն Բիշարյանն էլ դատարանից խնդրեց Իշխան Բարսեղյանի եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ուղարկված փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու եւ տեսակետ հայտնելու:
Դատական նիստն ընդմիջվեց, մինչև փաստաթղթերը կբերվեն դատարան։
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:



























