Դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու գործով դատական նիստն այսօր՝ փետրվարի 1-ին, հետաձգվեց: ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Իշխան Բարսեղյանը դատարանին տեղեկացրել էր, որ ի վիճակի չէ ներկայանալ նիստին՝ նշելով, որ մի շարք առողջական խնդիրներ ունի:
Դատարանը նիստը հետաձգեց եւ նշանակեց հաջորդ հինգշաբթի: Նշենք, որ այս գործով դատաքննությունը լրացնելու փուլն է. պաշտպանական կողմը մինորդություններ է ներկայացնում:
Նշենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բուժքրոջից գրություն էր ստացվել դատարան այն մասին, որ Բարսեղյանն ի վիճակի է նիստին մասնակցել, բայց հրաժարվել է դատարան տեղափոխվել:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:



























