Ոստիկանությունն մանրամասներ է հրապարակել Երեւանում փոխգնդապետի դանակահարությունից: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ փետրվարի 1-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ Երեւան քաղաքի Խանջյան փողոցի 50 հասցեի մոտից բուժօգնության են տեղափոխել 43-ամյա մի տղամարդ` «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, եւ «աջ եւ ձախ ճակատային շրջանների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ 37-ամյա տղամարդ:
Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Խանջյան փողոցի վերոնշյալ հասցեի մոտ վիճաբանության ընթացքում անհայտ անձը դանակով հարվածել է եղբորը եւ ձեռքերով` իր դեմքին:
Ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: 1978 թ. ծնված Վարդան Գ.-ն Երեւանի Հերացու փողոցի վերգետնյա անցումի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Վարդան Գ.-ն ձերբակալվել է:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Երեւանի Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից Երեւանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի քաղաքացի:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
.jpeg)



























