Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով կհարցաքննվի գործից անջատված մասով մեղադրյալ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը:
Այսօր` փետրվարի 2-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ամբաստանյալ Միքայել Զադոյանի պաշտպաններ Սիմոն Ամիրխանյանն ու Հրանտ Անանյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեցին, որ վարույթն իրականացնող մարմինը միտումնավոր դատակոչի ցանկում չի ներառել Բունիաթ Եղիազարյանին:
«Բունիաթ Եղիազարյանի ցուցմունքն ունի Միքայել Զադոյանին արդարացնող պարունակություն ու նա պետք է դատարանում հարցաքննվի, քանի որ հակառակ դեպքում կխախտվի գործի արդարացի դատաքննության սկզբունքը»,- նշեցին պաշտպանները:
Դատարանը բավարարեց միջնորդությունը: Պաշտպանական կողմն այսօր նաեւ միջնորդեց փոխել Միքայել Զադոյանի խափանման միջոց կալանավորումը կամ կալանավորումը փոխարինել գրավով: Դատարանը միջնորդությունը կքննարկի հաջորդ նիստում, քանի աշխատանքային օրն ավարտվեց: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 6-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:
Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվեց է քրգործից:




























