2017թ. ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերն աճել են 10.5%-ով. 2016թ. 9250-ի դիմաց, նախորդ տարի արձանագրվել է 10220 դեպք: Երեւան քաղաքի դատախազությունում ամփոփվել են 2017թ.-ին կատարված աշխատանքները, մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի արդյունքները։

Դրան զուգահեռ, սակայն, տոկոսային արտահայտությամբ գրեթե նույնքան ավելացել է բացահայտման մակարդակը՝ 2016թ.  69.6%-ի դիմաց կազմելով 79%:

 Երեւան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ներկայացրել է, որ էական նվազում է արձանագրվել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով հանրային բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը եւ բնակարանային գողությունը: Մասնավորապես, 2017թ. առանձնապես ծանր հանցագործության դեպքերը եղել են 81-ը՝ նախորդ տարվա՝ 91-ի դիմաց. նվազումը կազմել է 11.0%: Ծանր հանցագործությունները նվազել են 215 դեպքով կամ 12%-ով (1571-1786), իսկ բացահայտումը կազմել է 58.1%՝ նախորդ տարվա 48.2% դիմաց:

48.1%-ով նվազել են սպանության դեպքերը. 2017թ. ընթացքում Երեւանում արձանագրվել է սպանության 14 դեպք՝ նախորդ տարվա 27-ի դիմաց, ինչն, ի դեպ, լավագույն արդյունքն է վերջին 10 տարվա կտրվածքով: Գրանցված սպանությունների բացահայտումը կազմել է 85.7%, այն դեպքում, երբ 2016թ. ցուցանիշը եղել է 81.5%: Սպանության 14 դեպքերից բացահայտվել է 12-ը:

43.8%-ով նվազել են նաեւ սպանության փորձի դեպքերը. եթե 2016թ. արձանագրվել է նման 16 դեպք, ապա 2017թ.՝ 9, որոնցից չի բացահայտվել միայն 1-ը: