2017թ. ընթացքում մայրաքաղաքում 37.7%-ով կամ 267 դեպքով նվազել են բնակարանային գողությունները. արձանագրվել է նման 441 դեպք՝ 2016թ. 708 դեպքի դիմաց:

Երեւան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը կայացած խորհրդակցությանը ներկայացրել է, որ չնայած դրան, բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ շարունակելով մնալ մտահոգից 23-23.5%-ի սահմաններում:

Երեւան քաղաքի դատախազը զեկուցել է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը պայմանավորված է դրա նախականխմանն ուղղված շարունակական բնույթ կրող միջոցառումներով՝ բազմաբնակարան շենքերի մուտքի դռները էլեկտրոնային փականներով եւ տեսաձայնագրառող սարքերով վերազինմամբ: Խնդիր է դրվել շարունակել այս ուղղությամբ հետեւողական աշխատանքները՝ համագործակցելով տեղական իշխանությունների հետ:

Որոշ բացասական միտումներ կան  դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների շարժընթացում: Նմանատիպ դեպքերը 2016թ. համեմատությամբ աճել են 49-ով կամ 12%-ով (2017թ. ՝ 459 դեպք, 2016թ.՝ 410): 10 դեպքով կամ 12.7%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2017թ.՝ 89 դեպք, նախորդ տարվա 79 դեպքի դիմաց: Չնայած դրան՝ բացահայտման ցուցանիշը բարելավվել է մոտ 5 տոկոսային կետով: Նմանատիպ պատկեր է նաեւ ավազակային հարձակումների դեպքերի շարժընթացում: Չնայած 2017թ. մայրաքաղաքում 4 դեպքով կամ 16.7%-ով աճել են ավազակային հարձակումները, (արձանագրվել է 28 դեպք, 2016թ.՝ 24),  սակայն բացահայտման վիճակը բարելավվել է՝ կազմելով 78.6%, նախորդ տարվա 66.7%-ի դիմաց: