Երեւանում հասարակական վայրերում կատարված առանձին ծանր հանցագործության դեպքեր մինչ օրս չեն բացահայտվել։
Երեւան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը կայացած խորհրդակցությանը նշել է, թե հայտնի չէ դրանք կատարած անձանց ինքնությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանցից շատերը տեղի են ունեցել մայրաքաղաքի կենտրոնական, բանուկ հատվածներում: Առանձին դեպքերում այս իրողության հիմնական պատճառներից են շարունակում մնալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների կատարման հապաղումները, դրանց պատշաճ չպլանավորումն ու չհամակարգումը:
Նշվել է նաեւ, որ 2017թ. Երեւան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 54 (2016թ.՝ 38), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության եւ կաշառք տալու 99 (2016թ.՝ 36) դեպք:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գոհացուցիչ չի համարել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ դատախազության, նախաքննության եւ հետաքննության մարմինների տարածքային կառույցների գործադրած ջանքերը եւ նշել է, որ այս ուղղությամբ արձանագրված ցուցանիշները հետայսու դիտարկվելու են որպես իրավապահ այդ կառույցների արդյունավետության գնահատման պարտադիր եւ առանցքային բաղադրիչ:
2017թ. ընթացքում միայն Երեւան քաղաքի դատախազության հսկողության ներքո գտնվող քրեական գործերով դատարան ներկայացվել է մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու եւ խափանման միջոց կիրառված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ընդհանուր 66 միջնորդություն: Դրանցից ամբողջությամբ բավարարվել է 55-ը: Սս կրկնակի քիչ է 2016թ. համեմատ, որի ընթացքում ներկայացել է այդպիսի 131 միջնորդություն:




























