Շվեյցարացի հայտնի իսլամագետ Թարիք Ռամադանին, ում ավելի վաղ ձերբակալել էին Փարիզում, բռնաբարությունների մեղադրանքներ են առաջադրվել, հայտնում է BFMTV-ն:
Երկու կանանց հայցերը ներկայացվել էին 2017 թվականի հոկտեմբերի վերջին: Այդ ժամանակ Ֆրանսիայի իրավապահ մարմինները Օքսֆորդի համալսարանում դասավանդող աստվածաբանի դեմ նախաքննություն էին սկսել:
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, «բռնաբարության եւ անօգնական վիճակում գտնվողին բռնաբարության» մեղադրանքներն առաջադրվել են փետրվարի 2-ին: Մինչ դատաքննությունը իսլամագետը կալանավորվել է: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պաշտպանական կողմին 4 օր է տրամադրվել լսումներին պատրաստվելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռամադանը նոյեմբերին դարձել է երգիծական Charlie Hebdo հանդեսի համարներից մեկի «հերոսը», որը նրա ծաղրանկարներն էր հրապարակել: Դրանից հետո պարբերականի ղեկավարությունը հայտնել էր խմբագրության հասցեին ստացված մահվան սպառնալիքների մասին:
Ռամադանը եգիպտացի քաղաքական գործիչ Հասան ալ Բաննի թոռն է, որը «Մուսուլման եղբայրներ» շարժման հիմնադիրն է:




























