Իտալիայի Մաչերատա քաղաքի փողոցներում հրաձգության հետեւանքով առնվազն վեց մարդ է տուժել, հայտնում են իտալական լրատվամիջոցները:
La Repubblica-ի հրապարակած վարկածի համաձայն՝ անցորդների վրա կրակ է բացվել ավտոմեքենայի ընթացքից: Corriere della Sera պարբերականը հայտնում է, որ զինված առճակատման է հանգեցրել «ոչ եվրոպական ծագմամբ» մի քանի արտասահմանցիների միջեւ առաջացած վեճը: Ենթադրվում է, որ Մաչերատայի միանգամից մի քանի փողոցներում տեղի է ունեցել զենքի կիրառմամբ հաշվեհարդար, որի ընթացքում տուժել է 6 մարդ, որոնցից 4-ի վիճակը ծանր է:
«Քաղաքապետ Ռոմանո Կարանչինին քաղաքացիներին կոչ է անում Մաչերատայի փողոցներով տեղաշարժվող զինված մարդու ստեղծած վտանգավոր իրավիճակի պատճառով տներից դուրս չգալ, աշխատավայրերից եւ դպրոցներից չհեռանալ: Անվտանգության նկատառումներով, բոլոր աշակերտները կմնան դպրոցներում, իսկ ավտոբուսները երթեւեկությունը կդադարեցնեն»,- նշված է քաղաքային իշխանությունների հաղորդագրության մեջ:




























