Գերմանիայի հարավ-արեւմուտքում՝ Բադեն Վյուրտեմբուրգի Էպինգեն քաղաքում երիտասարդ աղջիկը շաբաթօրյա դիմակահանդեսի ժամանակ լուրջ այրվածքներ է ստացել, երբ ոտքերը եռացրած ջրով լցված «կախարդների կաթսայի» մեջ են ընկել, հաղորդում է The Local-ը:

Ոստիկանությունը առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու եւ օգնություն չցուցաբերելու գործերով հետաքննություն է սկսել: Ըստ ոստիկանների՝ մասնակիցների խումբը կատակով 18-ամյա աղջկան կաթսային է մոտեցրել: Այնուհետ կախարդի հանդերձանքով կանանցից մեկը բարձրացրել է նրան, իսկ մյուսը բացել է կաթսան: Անհայտ պատճառներով աղջիկը մինչեւ ծնկները տաք ջրի մեջ է հայտնվել, իսկ մարդիկ շարունակել են ուրախանալ:

Աղջկան մասնագիտացված կլինիկա են տեղափոխել, որտեղ նա մեկ կամ երկու շաբաթ պետք է անցկացնի, հաղորդում է Focus-ը: