Իտալիայում անցկացվող համընդհանուր ընտրություններում ընտրատեղամասերը կիրակի բացվել են տեղական ժամանակով առավոտյան 7-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իտալիայի ՆԳՆ հաղորդագրությամբ, որը կատարում է ընտրական հանձնաժողովի գործառույթները, երկրի տարածքում եւ նրա սահմաններից դուրս բացվել է ավելի քան 61 հազար տեղամաս: Ազգային խորհրդարանի 2 պալատների պատգամավորների ընտրության հետ միաժամանակ, երկրի 2 կարեւոր մարզերի՝ Լացիոյի եւ հյուսիսային Լոմբարդիայի բնակիչները կընտրեն մարզային խորհուրդների անդամերին եւ շրջանային նախագահներին:

Ստորին պալատի պատգամավորներին ընտրելու իրավունք ունեն 18 տարեկան դարձած 46,6 մլն իտալացիներ: Սենատորներին ընտրել կարող են 25 տարեկան դարձած իտալացիները, որոնց թիվը կազմում է 42,8 մլն:

Տեղամասերը բաց կլինեն մինչեւ կիրակի ժամը 23-ը: Ձայների հաշվարկը կմեկնարկի տեղամասերը փակելուց հետո եւ կսկսվի սենատից: Չնայած առաջին exit-poll-երի արդյունքները սպասվում են երեկոյան 11-ից հետո, պաշտոնական առաջին արդյունքները հայտնի կլինեն առավոտյան: