Հայաստանը Գերմանիայից թռչնամիս եւ ձու չի ներկրում, հետեւապես դիօքսինով թունավորված մթերք մեր երկրում չկա եւ այս առումով չարժե անհանգստանալ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսան Ալեքսանյանը։
«Եվրոպական այդ երկրից հավի միս եւ ձու Հայաստան երբեք չի ներկրվել՝ ոչ այս տարի, ոչ էլ սրանից առաջ»,- հավաստիացրեց նա։
Նշենք, որ Գերմանիայում հազարավոր թռչնաբուծական ֆերմաներ հունվարի 3-ին արգելել են վաճառել իրենց ապրանքն այն բանից հետո, երբ հավերի կերի մեջ հայտնաբերվել է դիօքսին թույնը։ Որոշ թռչնաֆաբրիկաներում ստիպված են եղել մի քանի հազար հավ ոչնչացնել, որոնց կերի մեջ հնարավոր է, որ դիօքսին եղած լիներ:




























