Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի ցանկացել վիճաբանության սադրել Վիլյառեալի խաղացողներին եւ մարզիչներին` նրանց պահեստայինների նստարանի մոտ տոնելով գոլը:

Ռեալ - Վիլյառեալ խաղի ժամանակ Մոուրինյոն Կակայի գոլից հետո մտել էր Վիլյառեալի տեխնիկական գոտի եւ, դիմելով տրիբունայի առաջին շարքերին, ցնծությամբ նշել էր գոլը: Նրա վարքը զայրացրել էր Վիլյառեալի պահեստայիններին: Հյուրերի կիսապաշտպան Կանին նույնիսկ ջրի շիշ էր նետել Մոուրինյոյի ուղղությամբ:

Խաղից հետո Մոուրինյոն ասել է` երդվում եմ, ես վազեցի նրանց նստարանի հետեւում, տրիբունայում նստած որդուս հետ գոլը նշելու համար, սակայն նրանք կարծեցին, թե սադրում եմ իրենց: