Այսօր՝ հունվարի 10-ին հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանը ընկերության ստորաբաժանումներին հանձնարարել է ամփոփել 2010թ. կատարված աշխատանքները եւ հաշվետվություններ պատրաստել դրանց վերաբերյալ, մասնավորապես ֆինանսատնտեսական ցուցանիշների, գազաֆիկացման, ազդանշանային սարքավորումների տեղադրման եւ այլ ծրագրերի ուղղությամբ:
Հանձնարարվել է նաեւ ներկայացնել 2011թ. ծրագրերը եւ համապատասխան քննարկումներ կազմակերպել նախատեսվող նախագծերի շուրջ:
Հատուկ ուշադրություն է հրավիրվել ֆինանսական կարգապահության եւ ծախսերի օպտիմալացման հարցերին, ինչպես նաեւ կորուստների նվազեցման ուղղությամբ տարվող միջոցառումներին:
Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ 2011թ. Ընկերության համար առանձնանալու է հատկապես Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտով: Բլոկի թողարկումը նախատեսվում է առաջին եռամսյակում, ինչն արդեն փաստում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մասին: Այս մասշտաբային ներդրումային ծրագիրը լիարժեք դարձնելու եւ ռազմավարական նպատակին ծառայեցնելու համար, Վ. Հարությունյանը կարեւորել է հենց այսօրվանից ուսումնասիրել էլեկտաէներգիայի արտահանման շուկաների հարցը:
Անդրադառնալով կարգապահական խնդիրներին, Վ. Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում համալիր աշխատանքներ պետք է տարվեն սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ:




























