Ամանորյա տոների ընթացքում, երբ բորսայում գործարքներ տեղի չէին ունենում, Հայաստանի արժութային շուկայում դրամը արտասովոր կայուն էր։

Հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում համարյա բոլոր փոխանակման կետերը դոլարը գնում էին 360-ով եւ վաճառում 365-ով։ Միայն հունվարի 9-ին դոլարի գնման փոխարժեքը փոքր-ինչ բարձրացավ՝ մարժան գտնվում էր 361-365 միջակայքում։

Այսօր՝ հունվարի 10-ին վերսկսեցին բորսայական գործարքները եւ միանգամից փոխարժեքը անկայունացավ։ Ընդհանուր առմամբ՝ բորսայում վաճառվել է 1,4 մլն դոլար՝ 363,94 դրամ միջին փոխարժեքով։ Դոլարի առավելագույն փոխարժեքը կազմել է 364 դրամ:

Սա հերթական անգամ վկայում է, որ ֆոնդային բորսան չի կարելի դիտարկել որպես տնտեսական գործընթացների իրական ինդիկատոր։ Նշենք, որ բորսան ֆինանսական շուկայի շատ փոքր մասն է, այնտեղ արտարժույթի փոխանակման ծավալները մոտ 6 անգամ զիջում են ներբանկային շուկային (փոխանակման կետերին):

Ամսական կտրվածքով բանկերը բորսայում միջինը գնում են մոտ 50  մլն դոլար, իսկ փոխանակման կետերի միջոցով՝ մոտ 300 մլն դոլար։ Իսկ մյուս արժույթների նկատմամբ պահանջարկը (եվրո, ռուբլի) համարյա ամբողջությամբ բավարարվում է փոխանակման կետերի միջոցով։

Այսպիսով՝ բորսայում իրականացվող ոչ մեծ առեւտուրը ֆինանսական շուկայում առաջացնում է փոխարժեքի սպեկուլյատիվ տատանումներ։

Ս. Ավագյան