Քանի դեռ հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը չեն բացահայտվել, այս երկիրը երկիր չի դառնա: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Ինձ համար հարցերի հարցը ոչ թե այն է, թե ով մարտի 1-ին հրաման տվեց կրակելու, այլ այն, թե մարտի 1-ի առավոտյան, դեռ լույսը դեռ չբացված ով հրաման տվեց մտնել Ազատության հրապարակ: Այդ որոշումը Ռոբերտ Քոչարյանը կայացրել է ինքնուրո՞ւյն, թե՞ դրան մասնակցել է Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանը թող պատասխանի եւ վերջապես ասի, որ ինքը միայնակ չի որոշել, կամ ասի՝ միայնակ եմ արել, որովհետեւ միակ տղամարդն եմ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին, նա ասաց, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ը դրսի ուժերի գործն է. «Այո, կա նման վարկած եւ ես լինելով վարչապետ, բազմիցս հացաքննվել եմ այդ հարցով: Իսկ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվե՞լ է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները այդ մարդը պետք է տա: Մի անգամ էլ իրեն կանչեք հարցաքննության, թե չէ էնտեղ նստած իր մամուլի խոսնակի լեզվով ինչ-որ բաներ է հասկացնում»:
Նշենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը փետրվարի 21-ին բացասական եզրակացություն է տվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին: Այդուհանդերձ, հարցն ընդգրկվել է ԱԺ օրակարգում:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։




























