Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ Կարսում կառուցված եւ հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հսկա արձանի վերաբերյալ, քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, ով «հրեշավոր» էր բնորոշել նշված արձանը եւ համարել քանդման ենթակա:

«Այս պայմաններում, երբ Թուրքիայում նախընտրական իրադրություն է, Էրդողանը փորձել է ներքին դիվիդենտներ շահել: Հայտնի է, որ Կարսում մեծ թվով ադրբեջանցիներ են ապրում, ովքեր դեմ են առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացմանը: Էրդողանն այս հայտարարությամբ փորձում է  գրավել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից դժգոհ ընտրազանգվածի ուշադրությունը եւ շահել նրանց  ձայները»,-նշեց թուրքագետը: (Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011 թվականի հունիսին):

Նա նաեւ հավելեց, որ Էրդողանի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա մտադիր չէ մոտ ապագայում վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ իր այս հայտարարությամբ «շատ խորը թաղեց հայ-թուրքական բարեկամության գաղափարը»:

Հարցին, թե թուրքական իշխանություններն այնքան մանրախնդիր են, որ անգամ արձաննե՞րն են օգտագործում քաղաքական դիվիդենտներ շահելու համար՝ փորձագետն արձագանքեց. «Դուք ասացիք՝ մանրախնդիր են: Ուշագրավ է, որ այդ հայտարարությունից հետո Էրդողանի խոսքերը փորձեց սրբագրել Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն, նշելով, թե այդ արձանը քանդման ենթակա է, քանի որ համահունչ չէ Կարսի պատմական  հուշարձաններին, որոնք ավանդվել են սելջուկյան եւ օսմանյան ժամանակաշրջանից: Ուզում ենք հիշեցնել, որ սելջուկյան ժամանակաշրջանից մնացած հայտնի հուշարձան ու կոթող Կարսում գրեթե չկա: Դրանք բոլորը հայկական ծագում ունեն, որոնց մի մասն էլ կառուցվել է ռուսական տիրապետության տակ գտնվելու ժամանակ: Այսինքն, Դավութօղլուի ասածը եւս չի ենթարկվում ոչ մի տրամաբանության»:

Իսպիրյանը հավելեց նաեւ, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների այս հայտարարությունները կոշտ արձագանք են գտել միջազգային հանրության շրջանում: Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, մասնավորապես BBC-ն, Wall street journal-ը, բացասական նրբերանգով են անդրադարձել այդ հայտարարությանը, նշելով, որ Էրդողանը սրանով հարված հասցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի վարչապետի՝ վերը նշված  հայտարարությանը արձագանքել են Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն եւ արձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը։ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

Իսկ Մեհմեդ Աքսոյը հայտարարել է, թե եթե Էրդողանը քանդել տա խաղաղության հուշարձանը, նա կնմանվի Թալիբանին: «Ինչպե՞ս եք աշխարհին բացատրելու, որ մարդկության եւ խաղաղության արձան եք քանդում»,-շեշտել է Մեհմեդ Աքսոյը։

Նշենք, որ Արձանն ունի 30 մետրից ավել բարձրություն, որը հավասար է 10 հարկանի շենքի բարձրությանը եւ կշռում է մոտ 1500 տոննա։