Նոր կանոնակարգի համաձայն, եվրոպական ֆուտբոլային ակումբերն այլեւս չեն կարող ծախսել վաստակածից ավելի:
ՈւԵՖԱ-ի գլխավոր քատուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ բազմաթիվ առաջատար եվրոպական ֆուտբոլային ակումբներ նախկինի նման ծախսում են ավելին, քան վաստակում են: Նման իրավիճակի շարունակվելու դեպքում առաջիկայում այդ ակումբները կզրկվեն եվրագավաթային հանդիպումներին մասնակցելու իրավունքից: Ինֆանտինոյի խոսքով, եթե այս պահին կիրառվեն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, 11 ակումբներ կզրկվեն Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մասնակցությունից, հաղորդում է ВВС-ն:
Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով` երեք տարվա ընթացքում: 2012-ի ֆինանսական տարվա արդյունքներով, կսկսի գործել ակումբների առանց կորուստների աշխատելու սկզբունքը: Առաջին պատժամիջոցները կկիրառվեն 2013-2014 մրցաշրջանում:
Ֆուտբոլի եկամուտները շարունակում են աճել: Եվրոպայի բարձրագույն խմբերի առաջնություններում հանդես եկող ակումբների եկամուտը 2009-ին հասել էր ռեկորդային ցուցանիշի` 11,7 միլիարդ եվրո, նշում է uefa.com-ը: Սակայն աճում են նաեւ ընդհանուր կորուստները` 1,2 միլիարդ եվրո: Բազմաթիվ ակումբներ պարտքերի մեջ են խրվել` հսկայական գումարներ տրամադրելով ֆուտբոլիստների աշխատավարձին: Ֆուտբոլիստ գնելու համար պարտք վերցրած ընդհանուր գումարը հասնում է 2,2 միլիարդ եվրոյի: 800 միլիոնը պետք է վերադարձնել առաջիկա տարվա ըթնացքում:




























