Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայում եւ Իրաքում ռասայական զտում է եւ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայերի կոտորածն է հիշեցնում: Այս մասին նշվում է Եգիպտոսի խորհրդարանի արաբական հարցերով հանձնաժողովի զեկույցում:

Հայտարարության մեջ նշվում է, որ բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայում եւ Իրաքում քրեական արկածախնդրությունը միջազգային իրավունքի լուրջ խախտում է եւ ագրեսիա է երկու երկրների տարածքների ինքնիշխանության դեմ:

Հանձնաժողովը դատապարտում է այն փաստը, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններն աչք են փակում Էրդողանի ռազմական հանցագործությունների եւ Սիրիայում ու Իրաքում քրդերի դեմ ուղղված գործողությունների վրա, հաղորդում է Ahram Online-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանի ձախողումները ներքին քաղաքականության մեջ ստիպել են նրան ռազմական արկածախնդրություններ սկսել հարեւանների դեմ՝ այդպիսով վտանգելով խաղաղությունը եւ կայունությունը Մերձավոր Արեւելքում: Խորհրդարանականները արաբական աշխարհին կոչ են արել միավորվել Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության դեմ: