2011-ը Հայաստանի համար տնտեսական առումով բավական դժվար տարի է լինելու՝ ավելի վատը, քան 2010-ը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայ ազգային  կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, հավելելով, որ երկրի տնտեսական համակարգն այնպես է կառուցված, որ դրա վրա դրսի ազդեցությունը շատ մեծ է, ինչի բացասական միտումներն արդեն իսկ տեսանելի են։

«Հաշվի առնելով 2010 թվականի տնտեսական ցուցանիշները՝ այս տարի բավականին  շատ խնդիրներ կառաջանան։ Դրա մեջ իր ուրույն տեղը կունենա տնտեսության մոնոպոլացված լինելու հանգամանքը։ 2011-ին շատ ապրանքատեսակների գների բարձրացում կլինի։ Ըստ կանխատեսումների՝ արդեն ապրիլին կթանկանա գազը, դրան զուգահեռ՝ էլեկտրաէներգիան, իսկ աշխատավարձերի եւ նպաստների բարձրացում բյուջեով նախատեսված չէ։ Ավելին, բյուջեից արդեն իսկ երեւում է, որ 2011-ին ազգաբնակչության բարեկեցության մակարդակի բարձրացում տեղի չի ունենա»,- համոզմունք հայտնեց տնտեսագետը՝ միժամանակ ավելացնելով, որ հայաստանցիների հույսը պետք է մնան դրսից ստացվող տրանսֆերտները։

Ամփոփելով՝ Խաչատրյանը նկատեց, որ տարին «շատ-շատ դժվար է լինելու»  նաեւ արտաքին պարտքի սպասարկման տեսանկյունից։

«Այս առումով վատ ժամանակներ են սկսվում։ Հայաստանի համար հատկապես ծանր տարիներ են լինելու 2011-ը, 2012-ը եւ 2013-ը։ Իսկ մեզ նոր պարտքեր տվողներ, կարծում  եմ, չեն լինի»,- կարծիք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչը։