Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են հայտնաբերել:
ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մասիսի Նորաբաց գյուղում հայտնաբերվել է առանց պետական գրանցման կահույքի արտադրամաս: Ապօրինի ձեռնարկատերը նույն գյուղի բնակիչ Ս.Անտոնյանն էր, ով զբաղել է փափուկ կահույքի եւ ճաշասեղանների արտադրությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է արծաթյա զարդերի արտադրության ապօրինի արտադրամաս: Այն գործել է Ջրվեժում` հաշվառված չլինելով հարկային մարմիններում: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր Ա.Խաչատրյանը: Այս պահին արտադրամասի գործունեությունը դադարեցված է: Պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:
Իսկ Քանաքեռ-Զեյթունի ՕՀՎ բաժնի աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մայրաքաղաքի Ուլնեցի փողոցում գտնվող եւ Խորհրդայինի հարկային տեսչությունում հաշվառված «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ն 2005թ.-ին պետական գրանցում ստանալուց ի վեր հաշվետվություն չի ներկայացրել հարկային մարմիններին եւ չի ստացել համապատասխան լիցենզիա: Համալսարանի ռեկտոր Արմեն Նալբանդյանը հայտնել է, թե հաշվետվություն չներկայացնելը անփութության հետեւանք է, իսկ լիցենզավորում չի անցել պայմանների հետ համաձայն չլինելու պատճառով եւ առաջիկայում էլ չի պատրաստվում ստանալ այն: Պետությանը պատճառված վնասի ստույգ չափը կարձանագրվի համապատասխան ստուգման արդյունքում:
Կոտայքի Գառնի գյուղում էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մանրածախ առեւտրի ապօրինի գործունեության դեպք են արձանագրել: Այն իրականացրել է քաղաքացի Կ.Մկրտչյանը` առանց պետական գրանցման:





























