Հունվարի 11-ին Հրազդան քաղաքում վրաերթի ենթարկված 9-ամյա երեխան՝ Ալինա Բարսեղյանը, հիվանդանոցում մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ավելի վաղ Գ. Շամշյանը հայտնել էր, որ հունվարի 11-ին Հրազդան քաղաքի Միկրո թաղամասի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան 3/314 շենքի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Մհերի Գրիգորյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի 20 ՏՏ 212 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 9-ամյա Ալինա Արթուրի Բարսեղյանին:

9-ամյա աղջնակը մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել էր Հրազդանի քաղաքային հիվանդանոց, իսկ հունվարի 12-ի երեկոյան արդեն տեղափոխվել Երեւանի Ծերեթելիի փողոցի վրա գտնվող մանկական հիվանդանոց:

Երեխայի վիճակը կայուն ծանր էր:

Վրաերթի ժամանակ երեխան եղել է մոր հետ: Վրաերթի ենթարկած ավտոմեքենան տեղափոխվել է Հրազդանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: