Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին վերահաստատել է իր խոսքը, թե Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված արձանը հրեշավոր է եւ պետք է քանդել։
Թուրքական Hurriyet-ի հետ հարցազրույցում Էրդողանը նշել է, թե ինքը «հրեշավոր» բառն ասել է հենց այդ արձանի համար։ «Այդ արձանի նշանակության մասին քիչ բան գիտեմ, իսկ արձանը գնահատելու համար պարտադիր չէ գեղարվեստի ակադեմիա ավարտած լինել»,-ասել է Էրդողանը։
«Այն վայրը, որտեղ գտնվում է արձանը, մեր իշխանության գալուց ի ի վեր մաքրվում է։ Այնտեղ հայտնաբերվել է Սեյիդ Հասանի դամբարանն ու մզկիթը։ Արձանի բարձրությունը եւ մզկիթի գմբեթի բարձրությունը հավասար են։ Չպետք է թույլ տալ, որ ինչ-որ կառույց ստվերի պատմական կոթողը։ Երբ այդ արձանը սկսել էին կառուցվել, ես զգուշացրել եմ այդ մասին Կարսի այն ժամանակվա քաղաքապետին»,-շեշտել է Թուրքիայի վարչապետը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը Կարս կատարած այցի ընթացքում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված եւ դեռեւս անավարտ արձանը նկարագրել էր որպես հրեշավոր եւ կարգադրել քանդել այն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի վարչապետի՝ վերը նշված հայտարարությանն արձագանքել են Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն եւ արձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը։ Նայիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանն անորոշ ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։
Իսկ Մեհմեդ Աքսոյը հայտարարել է, թե եթե Էրդողանը քանդել տա խաղաղության հուշարձանը, նա կնմանվի Թալիբանին: «Ինչպե՞ս եք աշխարհին բացատրելու, որ մարդկության եւ խաղաղության արձան եք քանդում»,-շեշտել է Մեհմեդ Աքսոյը։





























